Բաժին. Տնտեսական

Կառավարությունը սահմանել է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ

ՀՀ կառավարության որոշմամաբ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ: Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով, կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014թ. ուսումնասիրության արդյունքում Արմավիրի մարզի Աղավնատուն, Արևադաշտ, Այգեկ, Նորապատ և Նորակերտ համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերվել է բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճ: Դրա դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Պայքարի միջոցառում կկիրառվի ավելի քան 9 հա այգիներում: «Հարցը շատ կարևոր է», – շեշտել է ՀՀ վարչապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել անձամբ վերահսկել, որպեսզի հատկացված գումարը արդյունավետ ծախսվի և նպատակին ծառայի:

Ջրօգտագործողների ընկերություններում և ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններում ոռոգման ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է այդ աշխատանքի 2015թ. ծրագիրը:

Share