Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումար են ծախսում գովազդի համար բջջային կապի օպերատորները

2014 թվականի վերջին երեք ամսում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին, բջջային կապի օպերատորները գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի իրականացման համար ծախսել են ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ:

Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային և մարքետինգային ծախսերը կազմել են 537 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 432,7 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ 208,2 մլն ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում գովազդային և մարքեթինգային ծախսերի մասնաբաժինը կազմել է 5.4%: «ԱրմենՏել»-ի մոտ ցուցանիշը կազմել է 4,8%, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ 7,5%:

Նշենք, որ հաշվետու ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն գործառնական ծախսերը կազմել են 9,95 մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 4,34 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,78 մլրդ ՀՀ դրամ:

Գործառնական ծախսերը ներառում են փոխկապակցման ծախսերը, կապուղիների վարձակալման ծախսերը, դիլերային միջնորդավճարները, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, աշխատանքի վարձատրությունը, ինչպես նաև գովազդային և մարքետինգային ծախսերը:

Share