Բաժին. Տնտեսական

Հունվարին Չինաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է

Հունվարին Չինաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է, ընդ որում՝ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.3%-ով, իսկ ներմուծումը՝ 19.9%-ով: 

Որպես ներմուծման ծավալների կրճատման հետևանք (մասնավորապես, ածխի և նավթի ծավալների)՝ հունվար ամսին Չինաստանի արտահանման և ներմուծման տարբերությունը ռեկորդային է եղել և կազմել է 60մլրդ ԱՄՆ դոլար: Ներմուծման կրճատումը ամենակտրուկն է 2009թ.-ի մայիսից ի վեր, երբ չինական գործարանները կրճատեցին պաշարները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով:

Ակնկալվում է, որ չինական կառավարությունն այս տարի կնվազեցնի նպատակային ՀՆԱ-ն մինչև 7%, ինչն ամենացածր  ցուցանիշն է վերջին 24 տարիների ընթացքում:

Ներդրողները հույս ունեն, որ ներքին ծախսերի խթանման ծրագրերը և մեղմ դրամավարկային քաղաքականությունը կմեծացնեն վստահությունը և պահանջարկը Չինաստանի արտադրական հատվածում:

Չինաստանի ներմուծումը սկսել է նվազել հոկտեմբեր ամսից, ինչը համարվում է ցածր ներքին պահանջարկի հետևանք: Իսկ հունվարին անկման պատճառը հիմնական ապրանքների ներմուծման ծավալների կրճատումն է: Ածխի ներմուծման ծավալը կազմել է 16.78մլն. տոննա՝ նվազելով մոտ 40%-ով: Դեկտեմբերին այն կազմել էր 27.22 մլն. տոննա: Նավթի ներմուծման ծավալները նվազել են 7.9%-ով: Ներմուծումը Ավստրալիայից և Ռուսաստանից, որոնք Չինաստանի համար հանդիսանում են վառելիքի և ապրանքների հիմնական մատակարարներ, նվազել է համապատասխանաբար 35.3% և 28.7%-ով:

Share