Բաժին. Տնտեսական

Հաշվարկի նոր մեթոդի ներդրման շնորհիվ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 3-5%-ով

Ռոսստատը 2015թ.-ին մտադիր է ավարտել ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդի փոփոխության հետ կապված աշխատանքները` վերջինիս մեջ ներառելով այսպես կոչված պայմանական բնակարանային վարձավճարը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը`Ռոսստատի ղեկավար Ալեքսանդր Սուրինովի հղումով: 

Սուրինովի մեկնաբանությամբ` բնակարանային վարձավճարը` սեփական բնակարանում ապրելու համար մատուցվող ծառայությունների արժեքը, հաշվի կառնվի օգտագործման ծախսումների մեթոդի հիման վրա, որը առաջարկվել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից (ՏՀԶԿ): «Այս տարի անպայման կանենք դա: Այն կավելացնի ռուբլով արտահայտված անվանական ՀՆԱ-ի ծավալը  3-5%-ով»-նշել է Սուրինովը:

– Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ այս ամենը որևէ կապ չունի գնողունակության պարիտետի տեսանկյունից ՀՆԱ-ի աճի հետ, վերջինս չի աճի, քանի որ կփոփոխվի պարիտետը: ՀՆԱ-ի դինամիկան նույնպես փոփոխության չի ենթարկվի, կմեծանա միայն վերջինիս` ռուբլով արտահայտված անվանական արժեքը, որը կհանգեցնի, օրինակ, այնպիսի ցուցանիշների փոփոխությանը, ինչպիսին է բյուջեի եկամուտների և ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը,-նշել է Սուրինովը:

Ռոսստատի հաղորդած տվյալների համաձայն, սկզբնական շրջանում կարվի ՀՆԱ-ի 2011-2014 թվականների տարեկան և եռամսյակային տվյալների վերահաշվարկ, իսկ 2016թ. առաջին կիսամյակում անց կկացվի ՀՆԱ-ի հետադարձ հաշվարկ սկսած 2002թ-ից:

Share