Բաժին. Տնտեսական

2015-ին երկաթի ավելցուկը կրկնակի կաճի

Australia & New Zealand Banking Group Ltd. (ANZ) կազմակերպության վերլուծաբանների կանխատեսումներով` երկաթի համաշխարհային ավելցուկը 2015-ին կկազմի 85 մլն տոննա, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ավելցուկը, որը կազմել է 39 մլն տոննա: Այսպիսով, ընթացիկ տարում երկաթի ավելցուկը կհասնի ռեկորդային մակարդակի, գրում է Bloomberg գործակալությունը:

Ինչպես կանխատեսում են ANZ փորձագետները` 2015թ. արդյունքներով երկաթի միջին գինը կկազմի 58 դոլար մեկ տոննայի դիմաց: Նշենք, որ ավելի վաղ, նրանք կանխատեսում էին ` 77 դոլար մեկ տոննայի դիմաց: Իսկ 2016-ի գնահատականը իջեցվել է մինչև 60 դոլար:

Ի դեպ, Goldman Sachs և UBS բանկերի վերլուծաբանները երկաթի միջին գնի կանխատեսումները նվազեցրել են մինչև 66 դոլար, իսկ Citigroup-ի փորձագետները` 58 դոլար:

Երկաթի խոշորագույն արդյունահանողները, ինչպես Rio Tinto և BHP Billiton ընկերություններն են, հազիվ թե կրճատեն արտադրությունը, եթե անգամ երկաթի գները նվազեն մինչև 60 դոլար, եզրակացնում են CMC Markets-ի վերլուծաբանները:

Share