Բաժին. Տնտեսական

2014թ. Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 123 գյուտի և 58 օգտակար մոդելի հայտ

2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 123 գյուտի և 58 օգտակար մոդելի հայտ, որոնցից 175-ը` ազգային, 6-ը` օտարերկրյա հայտատուներից: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2014թ. ընթացքում ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 10-ով: Հարկ է նշել, որ հաշվետու տարում ազգային հայտատուների կողմից ներկայացվել են գյուտերի 3 միջազգային հայտեր:

Ընդհանուր առմամբ, Մտավոր սեփականության գործակալության գործունեության ընթացքում`1992թ.-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 4 հազար 32:

1994-2014թթ. ընթացքում մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել 79 գյուտի հայտ: Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2014թ. ներկայացվել է 1 հայտ:

Նշենք, որ 2014թ. գործավարությունն ավարտվել է 242 հայտով, ընդ որում՝ 121 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 55 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 33 հայտով` գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու մասին, 33 գյուտի (օգտակար մոդելի) հայտով` արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին:

Share