Բաժին. Տնտեսական

Բանկերը «կսահմանափակեն» նոր վարկերի տրամադրումը

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները 2015 թվականի առաջին ամիսների համար կանխատեսում են, որ կշարունակվեն բոլոր վարկատեսակների ընթացակարգերի խստացման գործընթացները: Սպասվում է պահանջարկի փոքր-ինչ աճ բիզնեսին տրամադրվող և սպառողական վարկերի նկատմամբ, իսկ հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը կմնա անփոփոխ: Այսպիսին են բանկերի և վարկային կազմակերպությունների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ ըստ Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ 2014 թվականի չորրորդ եռամսյակում անցկացված հարցման արդյունքների՝ եռամսյակում, ընդհանուր առմամբ, դիտվել է վարկավորման ընթացակարգերի խստացում: Ընթացակարգերի խստացման հիմնական գործոններ են եղել իրացվելիության մակարդակի, հաճախորդների վարկարժանության, փողի շուկաների հասանելիության սահմանափակումները, ինչպես նաև տնտեսական ակտիվության դանդաղումը:

Տարվա վերջին ամիսներին պահանջարկի աճ արձանագրվել է սպառողական վարկերի նկատմամբ, անփոփոխ մակարդակ՝ հիփոթեքային վարկերի նկատմամբ և պահանջարկի անկում՝ բիզնեսին տրամադրվող վարկերի նկատմամբ: Անկման հիմնական գործոնը կապիտալ ներդրումների նախատեսվող ցածր մակարդակն է:

Share