Բաժին. Տնտեսական

«Կարլսոն Ռեզիդոր»-ը կբացի նոր հյուրանոց Երևանում

Երևանում կգործի նոր հյուրանոց՝ «Ռեդիսոն Բլյու Հոթել Երևան»: «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի և «Գոլդեն Փելես» հյուրանոցի միջև ստորագրվել է միջազգային կառավարման պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են «Գոլդեն Փելես»  հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը և «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման մասով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը:

«Կարլսոն Ռեզիդոր»-ը աշխարհում ամենամեծ հյուրանոցային խմբերից մեկն է: Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Բալթյան երկրներում ընկերությունը ներկայացված է շահագործվող և կառուցվող ավելի քան 70 հյուրնոցներով և 17000 սենյակներով:

«Ուրախ ենք մուտք գործել Հայաստանի շուկա»,-  նշել է Վոլֆգանգ Մ. Նյումանը՝ «Ռեզիդոր»-ի նախագահը և գլխավոր տնօրենը՝ հավելելով.«Կարլսոն Ռեզիդորն» այժմ ներկա է կովկասյան բոլոր երկրներում և վճռական է տարածաշրջանում հետագա աճ ունենալու վերաբերյալ»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով ներկա է գտնվել պայմանագրի ստորագրման արարողությանը,  ողջունում է «Կարլսոն Ռեզիդոր»-ի մուտքը Հայաստան և նշել, որ այն կխթանի միջազգային այլ հեղինակավոր հյուրանոցային խմբերի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև կնպաստի երկրում հյուրանոցային արդյունաբերության և ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը:

Երևանյան «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցն այժմ ենթարկվում է բարեկարգման և ընդլայնման աշխատանքների: Ինտերիերի ձևավորումը իրականացնում է «ԱՐԱ Դիզայն Ինթերնեշնլ» ընկերությունը (Լոնդոն), խոհանոցները արդիականացվում են «Կ3»-ի կողմից (Գերմանիա), և նախագծի ընդհանուր խորհրդատվությունը գլխավորում է «ԱՎ Փրոջեքթը» (Ռուսաստան):

Հյորանոցի պահանջարկը հիմնականում կկազմեն կորպորատիվ և կառավարական սեգմենտները (մերձակայքում գտնվում են մի քանի դեսպանատներ), «Երևան Էքսպո» կենտրոնը և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը»: Մոտակա միջազգային օդանավակայանը տեղակայված է 16 կմ հեռավորության վրա:

Share