Բաժին. Տնտեսական

ԿԲ. 2015թ.-ին մասնավոր ծախսերն ու ներդրումները զգալի կկրճատվեն

2015 թվականին մեր երկրի տնտեսությունում 5.2%-ով կկրճատվեն մասնավոր հատվածի ծախսումները՝ առավելապես պայմանավորված Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր-երկրից՝ Ռուսաստանից, «հոսող» դրամական փոխանցումների էական նվազման, տնտեսության վարկավորման աճի տեմպերի անկման և տնտեսությունում ընդհանուր թույլ ներդրումային ակտիվության հետ կապված սպասումներով: Արդյունքում, տնային տնտեսությունների՝ վերջնական սպառմանն ուղղված ծախսումները, իրական արտահայտությամբ, կկրճատվեն 3.3%-ով:Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի վերջին հաշվետվության մեջ:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ տնտեսությունում առկա և սպասվող թույլ ներդրումային ակտիվությունը 2015 թվականին կհանգեցնեն մասնավոր ներդրումների կրճատմանը շուրջ 14%-ով, ընդ որում՝ սպասվող մասնավոր ներդրումների նվազումըկպայմանավորվի շինարարության և տնտեսության ոչ արտահանելի այլ հատվածներում գործող ձեռնարկություններում ներդրումների կրճատմամբ, որը կգերակշռի արտահանելի ոլորտում սպասվող ներդրումների աճին:

Ըստ ներկայացված գնահատականների՝ 2016-2017 թվականներին մասնավոր ծախսումները աստիճանաբար կվերականգնվեն՝ արձանագրելով չափավոր աճի տեմպեր՝ համապատասխանաբար 1-1.5% և 2-3%: Միևնույն ժամանակ, 2016-2017 թվականներին ակնկալվում է մասնավոր ներդրումների 3-4% աճ: Ներդրումները կավելանան տնտեսության արտահանելի հատվածում սպասվող ներդրումների հաշվին, որի համար հիմնական խթան կհանդիսանան ՀՀ դրամի վերջին արժեզրկումը:

Share