Բաժին. Տնտեսական

2014թ.-ին «ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունը տրամադրել է 2,5 մլրդ դրամի վարկ

2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ֆինանսավորել է ՓՄՁ սուբյեկտների՝ տրամադրելով 2,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով թվով 55 վարկեր: Վարկերը տրամադրվել են ՀՀ դրամով, 11,5% միջին տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Ֆինանսավորված ծրագրերի բարեհաջող իրագործման արդյունքում նախատեսվել են ստեղծել 708 հավելյալ աշխատատեղեր: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ըստ ներկայացված հաշվետվության՝ «Հայաստանի ՓՄՁ  ԶԱԿ» հիմնադրամի և վարկային կազմակերպության միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում՝

  • ՓՄՁ թվով 7 սուբյեկտների տրամադրվել են  վարկեր՝  ընդամենը 158,9 մլն ՀՀ դրամ գումարի չափով, որոնց ապահովման միջոց են հանդիսացել ինչպես հաճախորդների կողմից առաջարկված գրավները, այնպես էլ հիմնադրամի կողմից գրավադրված միջոցները:

  • Գյուղատնտեսական  տեխնիկայի իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի շրջանակներում ձեռք են բերվել թվով 4 կոմբայն, 32 տրակտորներ և հարակից սարքավորումներ՝ 307 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով, որոնք ֆինանսական վարձակալությամբ հանձնվել են գյուղացիական տնտեսություններին և համայնքներին. Ընդ որում՝ կոմբայնները ֆինանսական վարձակալությամբ հանձնվել են 10 տարի մարման ժամկետով, 9% տարեկան սոկոսադրույքով (ներառյալ գույքի ապահովագրման ծախսերը), իսկ տրակտոր և հարակից սարքավորումները` մինչև 6 տարի մարման ժամկետով:

2014թ.-ի վերջի դրությամբ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկերի և լիզինգի ընդհանուր մնացորդը կազմել է 6,7 մլրդ ՀՀ դրամ:

Վարկային կազմակերպության կողմից վարկերը տրամադրվել են ՀՀ ֆինանսների նախարարությոինից ներգրավված ընդհանուր գումարով 10,3 մլրդ ՀՀ դրամ վարկային միջոցների հաշվին: Նշված միջոցների հաշվին 2009-2014 թվականների ընթացքում վարկային  կազմակերպության կողմից իրականացվել է շուրջ 11,6 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը տվյալ միջոցներից մարվել են 1,4 մլրդ ՀՀ դրամ հիմնական /մայր/ գումար և շուրջ 1,5 մլրդ ՀՀ դրամ տոկոսագումար:

Share