Բաժին. Տնտեսական

Մայրաքաղաքում մեկնարկել են գարնանային էտի աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց միամսյակի շրջանակում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բարեգործական ակցիայի շրջանակում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն վիրահատական միջամտություններ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները: Այս մասով զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Խարբերդում մեկնարկած ենթակառուցվածքների ապահովման ու բարեկարգման ծրագրի շրջանակում լուծում է տրվում տասնամյակների խնդրին: Նաև զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Նոր Խարբերդում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կարգաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաև ջրանցքների մաքրման ու պահպանման նկատմամբ՝ քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երևույթը բացառելու ուղղությամբ: Շարունակական խիստ հսկողության պահանջ է դրվել նաև հասարակական օբյեկտների կողմից չսահմանված վայրերում աղբ թափելը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է պարտավորությունները չկատարող սեփականատերերի և վարձակալների նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում ավարտվել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվել է տվյալ տարածքներում իրականացնել նաև կանաչապատման, ծաղկապատման ու լուսավորման աշխատանքներ:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ կանաչապատման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են սիզամարգերի և կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել է նաև գարնանային էտը: 

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար և փետրվար ամիսներին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք: Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաև 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։ Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

Share