Բաժին. Տնտեսական

ՀՀ արտոնագրային գործունեությունը 2014 թվականին

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության տեղեկատվության, 2014թ. հանրապետությունում արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և իրավական պահպանության հետ կապված գործունեությունն ունեցել է հետևյալ պատկերը.

Գյուտեր և օգտակար մոդելներ

2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 123 գյուտի և 58 օգտակար մոդելի հայտ, որոնցից 175-ը` ազգային, 6-ը` օտարերկրյա հայտատուներից: Գործակալության գործունեության ընթացքում`1992թ-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 4 032: 2014թ. ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը 2013թ. համեմատ ավելացել է 10-ով: 2014թ. ազգային հայտատուների կողմից ներկայացվել են գյուտերի 3 միջազգային հայտեր: 1994-2014թթ. ընթացքում մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել 79 գյուտի հայտ:

Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2014թ. ներկայացվել է 1 հայտ:

2014թ. գործավարությունն ավարտվել է 242 հայտով, ընդ որում` 121 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 55 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 33 հայտով` գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու մասին, 33 գյուտի (օգտակար մոդելի) հայտով` արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին:

Ապրանքային նշաններ և արդյունաբերական նմուշներ

2014թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1 950 հայտ (1 341-ը կամ 68.8%-ը ազգային հայտատուներից): 2013թ. համեմատ` ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը ավելացել է 14.8%-ով:

1 878 հայտերով կատարվել է նախնական փորձաքննություն: Հայտատուների կողմից հետ է կանչվել 31 հայտ, իսկ 126 հայտի նկատմամբ կայացվել է մերժման մասին որոշում: Գրանցվել են ապրանքային և սպասարկման 1 584 նշաններ:

2014թ. նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2 875 ծանուցում: Նախնական մերժման մասին որոշում է կայացվել 625, իսկ վերջնական մերժման մասին` 552 միջազգային գրանցումներով: Ապրանքային նշանների միջազգային գրանցումներով կայացվել են 2 570 որոշումներ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ:

2014թ. գործակալություն է ներկայացվել 33 արդյունաբերական նմուշի հայտ, այդ թվում` 23 ազգային և 10 օտարերկրյա հայտատուներից:

Հրապարակումներ

2014թ. հրատարակվել է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրի թվով 12 համար: Տեղեկագրերը հրապարակվել են հայերեն և ռուսերեն, որոնց մեջ պաշտոնական տեղեկություններ են հրապարակվել 108 գյուտի, 40 օգտակար մոդելի, 27 արդյունաբերական նմուշի արտոնագրերի, 1 584 գրանցված ապրանքային և սպասարկման նշանների, 501 ապրանքային նշանների գրանցման գործողության երկարաձգման մասին, ինչպես նաև տեղեկություններ հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների, արտոնագրերի և ապրանքային նշանների զիջման պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի մասին: Ապրանքային նշանի հայտի պաշտոնական հրապարակման և համընդհանուր ծանոթացման նպատակով տպագրվել է «Ապրանքային նշանի հայտեր» պաշտոնական տեղեկագրի թվով 24 համար:

Լիցենզային և զիջման պայմանագրերի գրանցում

2014թ. ընթացքում քննարկվել և գրանցվել է 111 պայմանագիր, որից 75-ը` ապրանքային նշանների իրավունքի փոխանցման, 19-ը` ապրանքային նշանների օգտագործման լիցենզիա տալու մասին, 3-ը` արտոնագրի բացառիկ լիցենզիա տալու մասին, 3-ը` արտոնագրի զիջում, 1-ը`ապրանքային նշանի ֆրանչայզինգի, 3-ը`ապրանքային նշանի լիցենզիայի փոփոխության, 2-ը` ապրանքային նշանի ենթալիցենզիայի, 2-ը` արտոնագրի լիցենզիայի փոփոխության, 3-ը` ապրանքային նշանի լիցենզիայի չեղյալ հայտարարում: Ապրանքային նշանների զիջման պայմանագրերը կնքվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ իրավաբանական անձանց միջև:

Ֆինանսական ցուցանիշներ

2014թ., որպես պետական տուրք, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 427.5 մլն. դրամ, որի 76.2%-ը (325.6 մլն. դրամ)` ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների իրավական պահպանության, 0.8%-ը (3.6 մլն. դրամ)`գյուտերի և օգտակար մոդելների իրավական պահպանության, 19.1%-ը (81.6 մլն. դրամ)` պետական գրանցամատյանների վարման, 3.7%-ը (15.9 մլն. դրամ)` զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման, 0.2%-ը (0.8 մլն. դրամ)` բողոքների քննարկման գծով: 2013թ. համեմատ գանձված գումարների չափը ավելացել է 105.3 մլն. դրամով:

Share