Բաժին. Տնտեսական

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան Ախթալայում նշում են Կանանց միջազգային տոնը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան(ՀԵԿԱ)  «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են տեղեկատվական միջոցառում ԶԼՄ ներկայացուցիչների համար: Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը կներկայանա «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ: Միջոցառումը տեղի կունենա Ախթալայի քաղաքապետարանում ս.թ. մարտի 11-ին՝ ժամը 13:00-ին:

Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումները և միասին նշել Կանանց միջազգային օրը:

ՀԵԿԱ հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: 01.03.2015թ.-ի դրությամբ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվել են 5 համախմբի համար տեղական տնտեսական զարգացման մոդելներ և իրականացվել է 7 բիզնես դասընթաց, որից 6-ը՝ CEFE մեթոդոլոգիայով:

Դասընթացներին մասնակցել են ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է  ընդհանուր առմամբ  62  բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային:  Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից  3  ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը,  որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով: 

Ախթալայում դրական գնահատականի արժանացած ծրագրերից մեկը սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի հիման վրա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար/կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան և Աքորի համայքներում հիմվել և արդեն իսկ ակտիվ  գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց:

Share