Բաժին. Տնտեսական

Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 30%-ով

2014 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում վճարային քարտերով իրականացվել է 397.0 մլրդ դրամի 7.1 մլն գործառնություն: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի կողմից հրապարակաված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ վճարային քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր գումարում քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է միայն 39.9 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը 7.4 մլրդ դրամ է, այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 5.9 մլրդ դրամ:

Քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 30%-ով և կազմել է քարտային գործառնությունների 10%-ը:

Նշենք նաև, որ հաշվետու երեք ասմում «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 28%-ով, իսկ քանակը՝ 15%-ով:

ՀՀ-ում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2013 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 24%-ով և կազմել 397.0 մլրդ դրամ, իսկ քանակն ավելացել է 23%-ով և կազմել 7.1 մլն:

Share