ԱՊՊԱ-ի շուկայում առաջատար ապահովագրական ընկերությունները շարունակում են ամրապնդում են իրենց դիրքերը՝ շուկայի մյուս խաղացողների «հետընթացի» հաշվին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ ընթացիկ տարվա առաջին ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 433 հազար 464, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 6 հազարով:
Հունվար ամսվա տվյալներով՝ ԱՊՊԱ-ի շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 34%-ը: Համեմատաբար մեծ մասնաբաժին է ապահովել նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 22%: Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13%, «ՌԵՍՈ»՝ 12%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ մոտ 8%:
Նշենք նաև, որ հունվար ամսվա ընթացքում ԱՊՊԱ համակարգում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 620 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 148 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,004 դիմում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցած 4,136-ի համեմատ:
Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 3,272։ Հատուցման միջին չափը 2014թ. հունվար ամսվա դրությամբ կազմել է 206,272 ՀՀ դրամ: