Բաժին. Տնտեսական

G20-ի երկրների ՀՆԱ-ի աճը 2014-ին արագացել է մինչև 3,4%

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատմամբ` 2014-ին G20-ի անդամ երկրների ՀՆԱ-ն արագացել է մինչև 3,4%: Չորրորդ եռամսյակում Մեծ քսանյակի երկրների տնտեսությունները ցուցադրել են 0,9% աճ, ինչպեսև երրորդ եռամսյակում:

Հոկտեմբեր-դեկտեմբերին առավելագույն աճն արձանագրվել է Հնդկաստանում և Չինաստանում, համապատասխանաբար` 1,6% և 1,5%:

Նկատելիորեն դանդաղել են ԱՄՆ աճի տեմպերը` 1,2%-ից նվազելով մինչև 0,5% և Հարավային Կորեայինը` 0,9%-ից 0,4%: Կանադայում տնտեսական աճը 0,8%-ից դանդաղել է մինչև 0,6%, Մեծ Բրիտանիայում` 0,7%-ից 0,5%, Ֆրանսիայում` 0,3%-ից 0,1%:

Ինդոնեզիայի ՀՆԱ-ն արագացել է 1,2%-ով, Գերմանիայինը` 0,7%-ով, Հարավաֆրիկյան Հանրապետությանը`1%-ով: Որոշակի աշխուժացում է նկատվել նաև ավստրալական (0,5%) և մեքսիկական ՀՆԱ-ներում (0,7%)

Հոկտեմբեր-դեկտեմբերին Ճապոնիան վերջապես դուրս է եկել եռամսյակներ տևած ետընթացից` ցուցադրելով 0,4% աճ: Իտալիայում արձանագրվել է 0,1% աճ:

Նշենք, որ 1999թ. ձևավորված G20-ի կազմում հետևյալ երկրներն են` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ՀԱՀ, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Եվրամիություն: 

Անդամ-կազմակերպություններից են Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը: 

Հատկանշական է, որ G20-ին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 90%-ը, համաշխարհային առևտրի 80%-ը և աշխարհի բնակչության 2/3-ը:

Share