Բաժին. Տնտեսական

ԱԶԲ. 2015թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1.6%, 2016թ.-ին՝ 2.3%

2015 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1.6%, իսկ 2016 թվականին՝ 2.3%: Նման կանխատեսում է ներկայացրել Ասիական զարգացման բանկը իր «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» զեկույցում:

Ըստ զեկույցի հեղինակների գնահատականների՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները բավականին անորոշ են դարձնում Հայաստանի համար տնտեսական կանխատեսումները: Ակնկալվում է, որ պատժամիջոցների ու նավթի ցածր գնի հետ կապված տնտեսական դանդաղումը Ռուսաստանի Դաշնությունում հետագայում ևս «ճնշող» ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա:

Զեկույցում նշվում է, որ 2008-2009թթ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ Հայաստանում գրանցվել են տնտեսական աճի և աղքատության նվազեցման տպավորիչ ցուցանիշներ: Սակայն, հետագայում աճի անշեղ նվազում է արձանագրվում, և տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ նոր տնտեսական «դժվարություններին» հանդիման:

ԱԶԲ-ի դիտարկմամբ՝ ՌԴ-ի տնտեսության դանդաղման ազդեցությունը Հայաստանի վրա նվազեցնելու, ինչպես նաև ԵՏՄ-ի անդամակցությունից օգտվելու համար պետք է ուշադրության կենտրոնում պահել զարգացման ներքին աղբյուրները: Դրանք են՝  մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ընդգրկուն ջանքերը, շեշտադրումը դեպի գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների զարգացումը, ինչպես նաև ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների ծավալների աճը: Աճն առավել ներառական և կայուն կլինի, եթե զարգացման նպատակների իրականացումն ապահովվի մասնավոր և հանրային հատվածների հետ, որոնք կունենան փոխլրացնող դերակատարում:

Share