Բաժին. Տնտեսական

Փարիզում բացվելու է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ցուցահանդես

Ապրիլի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին հայտնել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«2500 քառ. մետր տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուս մասը՝ էլեկտրոնային»,- նշել է Դեմոյանը։ 

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն էին կատարել սրահի վերանորոգման համար։

Խոսելով աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ցուցահանդեսների մասին՝ Հ.Դեմոյանն ասել է, որ առաջիկայում երեք մեծածավալ  ցուցադրություն է  բացվելու  Փարիզում, Մեխիկոյում և Կալիֆորնիայում:

Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան.1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը գործելու է մինչև հուլիսի 4-ը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը պատմել է նաև, որ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուի մեջ ընդգրկված են 1918թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ:

Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ ցուցադրությանը աջակցելու և դրան առնչվող 4 գրքերի թարգմանության և տպագրական աշխատանքները ֆինասավորելու համար:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանն իր հերթին նշել է. «Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք անմասն չմնալ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և մեր ներդրումն ունենալ միջոցառումների և տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը: Օգտվելով այն հանգամանքից, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաև փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել այդ ցուցադրության շրջանակներում տեղ գտած ինֆորմացիան և ոչ միայն»:

Share