Բաժին. Տնտեսական

Միլիարդանոց արվեստագետներ. Արվեստի շուկայի ներդրումային գրավչության վերլուծություն

Արվեստը ներդրումներ կատարելու ամենահաջող ոլորտն է: Աճուրդային տները ռեկորդային գներով վաճառում են արվեստի ստեղծագործություններ, և անգամ ներկայիս պայմաններում, երբ ամբողջ աշխարհում ներդրումային անկում է՝ աշխարհաքաղաքական անկայուն իրադրությամբ, տնտեսական տատանումներով և ֆինանսական շուկաների անկանխատեսելի վարքագծով պայմանավորված, թանկարժեք արվեստի ստեղծագործությունները չեն կորցնում իրենց գրավչությունը: Աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկ 15 արվեստի ստեղծագործություններին 6-ը վաճառվել են միայն վերջին երկու տարում: Արդյո՞ք արվեստի ստեղծագործությունները ամենահաջող և ամենաանվտանգ ներդրումներն են:

Բանն այն է, որ բարձր շուկայական արժեք ունեցող արվեստի ստեղծագործությունները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնելու ներդրումային ռիսկերը և նվազեցնելու ընդհանուր ներդրումային պորտֆելի ռիսկայությունը, քանի որ համաշխարհային արժեք ներկայացնող արվեստի ստեղծագործությունների եկամտաբերությունը գրեթե ոչ մի կախվածություն չունի միջազգային ֆոնդային ինդեքսների և տոկոսադրույքների դինամիկայից:

Վերջին 3 տարում թանկարժեք արվեստի ստեղծագործություններում կատարված ներդրումների եկամտաբերությունն աճել է` 2011 թվականի հունիսին գրանցված տարեկան 4,58%-ի դիմաց 2014 թվականի հունիսին կազմելով տարեկան 5,55% (ցուցանիշը հաշվարկվում է աճուրդային շուկայում կրկնակի վաճառքի ցուցանիշների հիման վրա): Վերջին մի քանի տարվա ընթացքում կրկնակի վաճառքների աճը նպաստել է նաև արվեստի ստեղծագործությունների շուկայի իրացվելիության մեծացմանը: Ինչպես պնդում են Forbes-ի վերլուծաբանները՝  վերջին տարիներին արվեստի ստեղծագործությունների համաշխարհային շուկան ապահովել է ներդրումների կայուն եկամտաբերություն և բարձր իրացվելիություն:

Միևնույն ժամանակ, սակայն, արվեստի ոլորտը ներդրումների համար գրավիչ լինելուց բացի, պահանջում է ծախսեր (արվեստի ստեղծագործությունների ապահովագրություն, պահպանում և այլն), որոնք չկան մյուս ներդրումային շուկաներում և բացի այդ իր ծավալներով բավականին փոքր է, քան ավանդական ներդրումային շուկաները: Այսօր կա միայն 6 արվեստագետ, որոնց աշխատանքները աճուրդային տներում գնահատվում են նվազագույնը 1 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ աշխարհում կան ավելի քան 100 ընկերություններ, որոնց շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը:

Forbes-ի հաշվարկներով՝ արտ-շուկայի ընդհանուր ծավալը, որը գնահատվում է որպես աճուրդային տներում ներկայացված 10 հազար ամենաթանկ արվեստի ստեղծագործությունների համախառն արժեք, կազմում է 48,5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը համաշխարհային ներդրումային շուկայի ծավալների համեմատությամբ «չնչին» ցուցանիշ է:

Կարելի է փաստել, որ արվեստը ներդրումային լավ ոլորտ է առավելապես աշխարհի ամենահարուստ մարդկանց համար, ովքեր իրենց գումարների ծախսելու համար փնտրում են «այլընտրանքային» տարբերակներ:

Share