Բաժին. Տնտեսական

Վարկային կազմակերպությունները կրճատում են վարկավորման ծավալները

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 163 մլրդ 29 մլն ՀՀ դրամ: Հունվար ամսվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 1%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում առավելապես գերակշռել են ՀՀ դրամով վարկերը: Դրանց ընդհանուր ծավալը կազմել է 106 մլրդ 340 մլն ՀՀ դրամ:

Վարկային կազմակերպություններն առավել մեծ ծավալի վարկեր տրամադրում են տնային տնտեսություններին: Ոչ ֆինանսական ընկերություններին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրված վարկերի մասնաբաժինը համեմատաբար փոքր է:

Նշենք նաև, որ հունվարին, տարեսկզբի համեմատ, վարկային կազմակերպությունները գրանցել էին վարկավորման ծավալների 1,5% անկում:

Share