Բաժին. Տնտեսական

Չինացի գործարարներին կներկայացվեն հայկական ներդրումային ծրագրեր

Հայ-չինական տնտեսական համագործակցությունը խորացնելու և ակտիվացնելու նպատակով Հայաստանը Չինաստանին կներկայացնի հեռանկարային ներդրումային ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել չինացի գործարարներին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկկողմ համագործակցության առավել կարևոր ուղղություններից առանձնացրել է ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացումը, մասնավորապես` Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրերը, նաև գործարար նախագծերի իրականացումը, մասնավորապես` պողպատի ձուլման արտադրության կազմակերպում, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցում, հարթապակու արտադրության կազմակերպում, Հայաստանում ցեմենտի արտադրության մեջ չինական  նորարար տեխնոլոգիաների օգտագործում, գյուղմթերքի վերամշակում, շինանյութերի արտադրություն:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները` առանձնացնելով հայկական սննդի և վերամշակող արտադրությունը, մասնավորապես ալկոհոլային արտադրանքը:  

Միաժամանակ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, Հայաստանը կարող է գրավիչ լինել չինական խոշոր ընկերությունների համար` կապելով Չինաստանը երրորդ երկրների հետ:  

Քննարկվել է նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների   բացման հարցը: Խնդրի առնչությամբ էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել չինական ավիաընկերություններին 5-րդ աստիճանի ազատության տրամադրման հարցը, ինչը հնարավորություն կտա այդ ընկերություններին չվերթներ իրականացնել Հայաստանից դեպի Եվրոպա:  

Որպես համագործակցության հեռանկարային ոլորտ նշվել է նաև զբոսաշրջությունը: Այս առնչությամբ նախատեսվում է առաջիկայում կազմակերպել երկու երկրների զբոսաշրջային օպերատորների փոխադարձ ճանաչողական այցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրական համագործակցության զարգացման խնդիրները` Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության  համատեքստում: Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև ներդրումային համագործակցությանը:

Share