Բաժին. Տնտեսական

Բջջային կապի օպերատորները գովազդի վրա ծախսում են իրենց բյուջեի 5-8%-ը

2014 թվականի վերջին երեք ամսում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին, բջջային կապի օպերատորները գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի իրականացման համար ծախսել են ավելի քան 1,5 մլրդ ՀՀ դրամ:

Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային և մարքետինգային ծախսերը կազմել են շուրջ 762,3 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 469,3 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ 313,6 մլն ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում գովազդային և մարքեթինգային ծախսերի մասնաբաժինը կազմել է 7%: «ԱրմենՏել»-ի մոտ ցուցանիշը կազմել է մոտ 5%, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ 8%:

Նշենք, որ հաշվետու ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն գործառնական ծախսերը կազմել են 10 մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 6,7 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,7 մլրդ ՀՀ դրամ: Գործառնական ծախսերը ներառում են փոխկապակցման ծախսերը, կապուղիների վարձակալման ծախսերը, դիլերային միջնորդավճարները, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, աշխատանքի վարձատրությունը, ինչպես նաև գովազդային և մարքետինգային ծախսերը:

Share