Բաժին. Տնտեսական

Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ

Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվական կենտրոնի նիստերը:

Նիստերին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվական կենտրոնի նիստը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Կենտրոնի նիստերի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների մերձեցման և ներդաշնակեցման հարցը, ՀԱՊԿ ԽՎ 2016-2020թթ. գործունեության ծրագրի, ինչպես նաև այլ մոդելային օրենքների նախագծեր: Շուրջ տասներկու նախագծեր քննարկվել են և ընդգրկվել ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովների նիստերի օրակարգում:

Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին, տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր, ընդունվել են որոշումներ: «ՀԱՊԿ ձևաչափում հավաքական և միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված միջխորհրդարանական համագործակցության հեռանկարային ուղղությունները արդի ժամանակաշրջանում» միջազգային գիտագործնական համաժողովի անցկացման հարցի շուրջ առաջարկություններով և զեկույցով հանդես է եկել Խոսրով Հարությունյանը:

Նույն օրը ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են մի շարք փաստաթղթեր: «ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահերի 2014թ. անցկացված համակարգող խորհրդակցության արդյունքները» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Խոսրով Հարությունյանը:

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրման և խորհրդարանական մոնիթորինգի անցկացման ընդհանուր պահանջների վերաբերյալ հարցը, ՀԱՊԿ ԽՎ ազգային օրենսդրությունների մերձեցման և ներդաշնակեցման 2016-2020թթ. ծրագրի նախագիծը, որոնց վերաբերյալ ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացրած բազմաթիվ առաջարկներն ընդունվել են:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ԵԱՀԿ ԽՎ 2015 թ. ձմեռային նստաշրջանի արդյունքներին վերաբերող հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Խորհրդի նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների և ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որը վարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր լիագումար նիստին: Նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Share