Բաժին. Տնտեսական

Ընթացքի մեջ են մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականի ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են: Այժմ կատարվում է լրացուցիչ ուսումնասիրություն և գույքագրում: Նշվել է, որ բոլոր աշխատանքները, որպես պայմանագրային պահանջ, կազմերպվել են տվյալ ընկերությունների սեփական միջոցներով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքների իրականացման նկատմամբ խիստ հսկողությունն ու դրանց ընթացքի և կազմակերպման մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

«Ասֆալտապատում իրականացնող բոլոր կազմակերպությունները, որպես պայմանագրային պարտավորություն, իրենց միջոցների հաշվին պետք է վերացնեն ի հայտ եկած թերությունները: Այս մասին պարբերաբար տեղեկացրեք հանրությանը՝ հստակ նշելով, որ տվյալ աշխատանքներն իրականացվում են շինարարական կազմակերպությունների միջոցներով, և այդ մասով համայնքային բյուջեից որևէ ծախս չի կատարվում: Սրանով կխուսափենք նաև հանրության շրջանում ձևավորվող այն թյուր կարծիքից, թե քաղաքապետարանն ամեն տարի նույն փողոցներում նմանատիպ աշխատանքներ է տանում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ ՃՈ հետ նախապես մշակված ժամանակացույցով ավարտվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների գծանշման և վնասված ճանապարհային նշանների փոխարինման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական շրջանների երկրորդական փողոցներին:

Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: 

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 74 վարչական արձանագրություն: 

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման որոշման պահանջների կատարման նպատակով վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում հայտնաբերվել և համապատասխան արձանագրություն է կազմվել 53 դեպքի մասով: Հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: Այն վարձակալների նկատմամբ, որոնք սեղմ ժամկետում համապատասխան տեսքի չեն բերի իրենց տարածքները, հանձնարարվել է ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ՝ ընդհուպ լուծել վարձակալության պայմանագրերը: 

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են մանկապարտեզներում երեխաների հերթագրման համակարգի ստեղծման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել՝ համակարգի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու և այն գործարկելու ուղղությամբ: 

Կանանց միամսյակի շրջանակում անցկացված «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում դիմած և համապատասխան ուղեգրում ստացած կանանց սպասարկման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ վիրահատության ուղեգրված 1065 կանանցից 721-ն արդեն վիրահատվել է, որից 51-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում: Նշվել է նաև, որ 295 կին սպասում է իր հերթին: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն սահմանել և գործընթացի վերաբերյալ զեկուցել արդեն աշխատանքների վերջնական ավարտից հետո: 

Քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 320 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 66-ը դեռևս կատարման ընթացքում է:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ ապրիլի 15-ին ավարտված ծառերի սանիտարական էտի գարնանային աշխատանքների շրջանակում էտվել և ձևավորվել է 14 հազար ծառ: Ծաղկապատման աշխատանքների հետ կապված նշվել է, որ ներկրված 1 մլն 150 հազար ծաղկասածիլները տեղադրված են բնաբաժակներում: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի ծաղկանոցներ է տեղափոխվել 70 հազար ծաղկասածիլ: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել վարչական շրջանների համապատասխան տարածքների ծաղկապատման աշխատանքները: 

Զեկուցվել է, որ Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումն այս տարի կազդարարվի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այգին այցելուներին կդիմավորի նոր ու հետաքրքիր լուծումներով: Այստեղ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի առաջիկա տարիներին՝ մայրաքաղաքի կենդանաբանական այգին դարձնելով տարածաշրջանի լավագույնը: 

Խորհրդակցության ավարտին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Երևանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրի շրջանակում Արցախ կատարած այցն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանի ու Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքապետարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Խորհրդակցությանը ներկա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին՝ հանգստյան օրերին Հրազդանի կիրճում շաբաթօրյակի և Յուրի Բախշյանի անվան զբոսայգում ծառատունկի կազմակերպման աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Բախշյանն առանձնահատուկ ընդգծել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հարակից՝ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մաքրման հարցում քաղաքապետի հանձնարարությամբ օպերատիվ կազմակերպված մաքրման աշխատանքները:

Share