Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ

Հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու երեք ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը:

Հունվար-մարտին գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.5%, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 3.9%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.0%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.8% աճ, իսկ առևտրի ոլորտում գրանցվել է անկում. հունվար-մարտին առևտրի շրջանառությունը կրճատվել է 6%-ով:

Նշենք նաև, որ հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, իսկ արդյունաբերական գների ինդեքսը՝ 105.4%:

Միայն մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.2%-ով: Փետրվարին ցուցանիշի աճը կազմել է 3.7%-ով, իսկ հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 1.5%:

Share