Բաժին. Տնտեսական

Ապրիլի 26-ին կմեկնարկի «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» եռօրյա ցուցահանդեսը

Ապրիլի 26-ից 28-ը «Մերիդիան» Էքսպո կենտրոնում (հասցե` Կաշեգործների փ. 70) կգործի «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ավելի քան 270 ընկերություններ: 

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսն անց է կացվում արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը, գործարար կապերի հաստատմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, համատեղ ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաև հարթակ ստեղծել հայկական արտադրողների և արտասահմանյան ներդրողների ու դիստրիբյուտորների միջև արդյունավետ երկխոսության համար:

Ցուցահանդեսին կներկայացվեն հետևյալ ոլորտները` սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն:  

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին: 

Ապրիլի 26-28-ին կգործեն անվճար փոխադրամիջոցներ` Հանրապետության Հրապարակ-Մերիդիան Էքսպո Կենտրոն երթուղով (Հրապարակի շատրվանների մոտից):

Share