Բաժին. Տնտեսական

Կորած փառք, մոռացված բրենդ. Polaroid

Ճգնաժամ, տնտեսական շահերի բախումներ, տեխնոլոգիական առաջընթաց, շուկայի կտրուկ փոփոխություններ և մի շարք այլ գործոններ պատճառ են դառնում խոշոր ընկերությունների դիրքերի անկման և հայտնի բրենդների անհետացման: Տեխնոլոգիաների ոլորտում, հաշվի առնելով ոլորտի զարգացման տեմպերը, այս անկումներն ու անհետացումներն առավել ակնհայտ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումներից մեկը:

Տեխնոլոգիական առաջընթացի զոհ. Polaroid

Polaroid-ին մեծ ճանաչում են բերել տեսախցիկները, որոնք հնարավորություն ունեին նկարելուց անմիջապես հետո տալու պատրաստի լուսանկարը: Նկարելու կոճակը սեղմելուց ընդամենը մի քանի վայրկյան հետո տեսախցիկից դուրս էր գալիս պատրաստի լուսանկարը: Տեսախցիկը լիցքավորվում էր ոչ թե ժապավեններով, այլ հատուկ ձայներիզներով, որոնք պարունակում էին թուղթ և քիմիական ռեակցիայի համար անհրաժեշտ նյութեր: Այս տեսախցիկների արտադրությունը սկսվել էր դեռևս Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, սակայն Polaroid-ին հաջողվել էր շուկան «պայթեցնել» 1970-1980-ական թվականներին: Հետագայում, սակայն, թվային տեսախցիկների ի հայտ գալը լուրջ հարված հասցրեց Polaroid տեսախցիկների բիզնեսին:

Թվային տեսախցիկները հնարավորություն տվեցին մարդկանց դիտելու արված լուսանկարները մինչ դրանք տպագրելը, ինչը պակաս գրավիչ դարձրեց Polaroid տեսախցիկների արտադրության հիմքում ընկած գաղափարը՝ լուսանկարը ստանալ նկարվելուց անմիջապես հետո: Արդյունքում, չդիմանալով տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերներին և շուկայի փոփոխություններին՝ 2001 թվականին Polaroid-ը հայտարարեց, որ մեկնարկում է տեխնիկական սնանկացման գործընթաց: Polaroid ընկերության ակտիվների զգալի մասը վաճառվեցին և ընկերությունը ընտրեց բիզնեսի զարգացման համար այլ ուղղություն՝ զբաղվելով նաև կենցաղային տեխնիկայի արտադրությամբ:

«Կորած փառք, մոռացված բրենդ» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share