Բաժին. Տնտեսական

Համագործակցության հուշագիր կադաստրի պետական կոմիտեի և պետական բուհերի միջև

Այսօր` մայիսի 6-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և ՀՀ պետական մի շարք բուհերի ռեկտորների միջև:

Մասնավորապես, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը Համագործակցության հուշագիր ստորագրեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի ստեղծման կարևորա•ույն խնդիրներից մեկը կադաստրի համակարգի համար կադրային բազայի ստեղծումն է: Կենտրոնում կազմակերպվող դասընթացների միջոցով վերոհիշյալ բուհերի ուսանողներին և շրջանավարտներին այսուհետ հնարավորություն կտրվի մասնակցելու դասընթացներին, գործնական պարապմունքներին, ձեռք բերել խորացված մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Համալրելով համակարգի կադրային բազան` վերջիններս հնարավորություն կունենան օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի անցնել կադաստրի համակարգում:

«Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կադաստրի պետական կոմիտեն իրականացնում է  ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը հետևյալ ոլորտներում` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անշարժ գույքի գնահատում, հաշվառում (չափագրում), հողաշինարարություն, գեոդեզիա և քարտեզագրություն, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի հետ կապված այլ ոլորտներում:

Համաձայն ստորագրվող հուշագրի` կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ, ուսումնական պլաններին համապատասխան, կենտրոնում կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, կանցկացվեն ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:

Համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի պետական կոմիտեն կապահովի նաև կադաստրի ոլորտի մասնագետների ներգրավումը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների իրականացման գործընթացում, իսկ հուշագրի կողմ հանդիսացող բուհերը կօժանդակեն ուսանողների և շրջանավարտների ներգրավմանը «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի կողմից իրականացվող ուսումնական դասընթացներին: Օրենսդրությամբ սահմանված կարգով հուշագրի ստորագրումից հետո բուհերը կաջակցեն կադաստրի պետական կոմիտեին համակար•ը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:

Share