Բաժին. Տնտեսական

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության կազմակերպած համաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանի գլխավորությամբ մասնակցել է Բահամների Ֆրիպորտ քաղաքում տեղի ունեցած «Մաքսային մարմինների և այլ շահագրգիռ մարմինների ու տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության զարգացում միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային առևտրի համատեքստում` տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի կիրառման շնորհիվ» խորագրով համաժողովին և ցուցահանդեսին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են միջսահմանային համագործակցության նպատակով ենթակառուցվածքների զարգացմանը, ներտարածաշրջանային և միջտարածաշրջանային առևտրում վերջին զարգացումներին, մաքսային վիճակագրության և առևտրի այլ տվյալների փոխանակման առավելություններին, լիազորված տնտեսական օպերատորների /ԼՏՕ/ ծրագրերի միջսահմանային առևտրի հիմնական   օգուտներին առնչվող հարցեր, կարևորվել է ներմուծման տվյալների համապատասխանեցումը արտահանման տվյալների հետ, առևտրային ծախսերի կրճատման համար արդյունավետ տարանցման լուծումներ գտնելու ուղղությունները: Համաժողովն ուղղված էր մատակարարման շղթայի բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելուն, ինչպես նաև ներտարածաշրջանային և միջտարածաշրջանային առևտրի խթանմանը նպաստելուն: Այս համատեքստում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավվածությունն այդ նպատակին հասնելու և սպառնալիքները չեզոքացելու համար: Համաժողովը հարթակ հանդիսացավ մաքսային մարմիններին, համապատասխան գերատեսչություններին ու նախարարություններին, տարածաշրջանային տնտեսական համայնքների հիմնական գործընկերներին, մասնավոր հատվածին, միջազգային կազմակերպություններին համախմբելու համար:

Այցի ընթացքում ՖՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՄԿ գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև մի շարք երկկողմանի հանդիպումներ ՀՄԿ անդամ-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ՀՄԿ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ համաժողովի ընթացքում ՀՀ մաքսային ծառայությունը ներկայացնի Հայաստանում «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրման փորձը և արդյունքները:

Share