Բաժին. Տնտեսական

Կորած փառք, մոռացված բրենդ. Digital Equipment Corporation

Ճգնաժամ, տնտեսական շահերի բախումներ, տեխնոլոգիական առաջընթաց, շուկայի կտրուկ փոփոխություններ և մի շարք այլ գործոններ պատճառ են դառնում խոշոր ընկերությունների դիրքերի անկման և հայտնի բրենդների անհետացման: Տեխնոլոգիաների ոլորտում, հաշվի առնելով ոլորտի զարգացման տեմպերը, այս անկումներն ու անհետացումներն առավել ակնհայտ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումներից մեկը:

Ընկերությունը, որը «չենթարկվեց» տեխնոլոգիական առաջընթացին. Digital Equipment Corporation

1980-ական թվականներին Digital Equipment Corporation (DEC) ընկերությունը վայելում էր մեծ հարգանք և համարվում էր ամենանորարարական ու լավ կառավարվող ընկերություններից մեկը համակարգչային արդյունաբերության ոլորտում: Մասնագետները հիանում էին ընկերության մենեջմենթով, իսկ լրագրողները ընկերությունը համեմատում էին արագընթաց գնացքի հետ, որը ճանապարհին «ոչնչացնում է» իր մրացակիցներին: Համարվում էր, որ DEC-ի ներկայությունը «ծանր է անդրադառնում» անգամ  IBM-ի գործունեության վրա:

Որոշ ժամանակ անց, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվեց: Շուկայում հայտնվեցին միկրոհամակարգիչները, ներկայիս անհատական համակարգիչները, և ընկերությունը, որը զբաղվում էր մինի-համակարգիչների արտադրությամբ, մուտք գործեց ծանր ժամանակաշրջան: DEC-ի մինի-համակարգիչները, որոնք «մինի» էին միայն 1980-ական ժամանակահատվածի համար, կորցրեցին իրենց գրավչությունը: Այս պայմաններում ընկերությունը կտրականապես հրաժարվեց իր ներդրումներն ուղղել դեպի նոր զարգացող շուկա՝ վստահ լինելով, որ անհատական համակարգիչները չեն կարող գրավիչ լինել կորպորատիվ սենգմենտի համար:

Ինչպես ժամանակը ցույց տվեց՝ այս դիրքորոշումը ընկերության համար դարձավ «ճակատագրական»: Չկարողանալով դիմակայել անհատական համակարգիչների շուկայի զարգացման արագ տեմպերին՝  1990-ական թվականներին DEC ընկերությունը սկսեց աստիճանաբար կործանվել, և 1998 թվականին ընկերության «ջախջախված» բիզնեսը գնեց Compaq ընկերությունը:

«Կորած փառք, մոռացված բրենդ» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share