Բաժին. Տնտեսական

Կառավարությունը «փորձում է» բարելավել գործարար միջավայրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են կառավարության Մամուլի ծառայությունից՝ նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ապրանքային նշանների գրանցման գործընթացների պարզեցմանն ու հարկատուների ծախսի կրճատմանը: Նախագիծը մշակել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Միևնույն ժամանակ, նիստում հավանություն է ստացել «Թափոնների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության, վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

Հավանության է արժանացել նաև «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ առաջացած հարաբերությունները:

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share