Բաժին. Տնտեսական

Հունիսի 8-ից 11-ը հայտարարվել է կին ձեռներեցների երևանյան շաբաթ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը  հունիսի 8-ից 11-ը հայտարարում են Կին ձեռներեցների երևանյան շաբաթ՝ հագեցած տարբեր միջոցառումներով:

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կկազմակերպվի «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org): Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM)  Հայաստանի ներկայացուցիչն է:  

«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը կկայանա 2015թ. հունիսի 8-11-ը, Երևանում:

«Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ Գործարար համաժողով, Այցելություն  հայաստանյան արտադրողներին, Ցուցահանդես էքսպո՝ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու հնարավորությամբ, Բիզնես-բիզնես հանդիպումներ, Կին արվեստագետների ցուցահանդես,  Մշակութային ծրագիր՝ Հայաստանը օտարերկրյա մասնակիցներին լավագույնս ներկայացնելու համար:

Միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա նաև 2011թից ի վեր կազմակերպվող  «Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը, որը կին ձեռներեցներին ուղղված խրախուսական միջոցառումներից մեկն է՝ կազմակերպվող Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների կողմից:

«ՀՀ Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել ՀՀում ձեռներեցության ոլորտում գործունեություն ծավալող այն կանանց, ում փորձառությունն օրինակելի է, և ովքեր, տնտեսական հաջող գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ, ակտիվ մասնակցություն են ունենում նաև հասարակական կյանքում

Միջազգային համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկել նաև կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված հարցեր:

Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ:

«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր խոշոր ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը ևս կարող է բերել համագործակցության»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

Համաժողովին հրավիրված են մասնակցելու հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM), որի հովանու ներքո է անցկացվելու կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Լաուրա Ֆրատի Գուչին է:

Համաժողովի կազմակերպիչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախաձեռնությամբ 2011թ. ստեղծված ՀՀ Կին ձեռներեցների ցանցը այսօր միավորում է շուրջ 300 ձեռներեց կանանց ՀՀ տարբեր մարզերից: ՀԵԿԱ-ն ՀՀ Կին ձեռներեցների ցանցի միջոցով խրախուսում և ապահովում է գործարար կանանց միջև կապերի հաստատումը Հայաստանում և արտերկրում:

Նախատեսվում է, որ Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հրավերով Հայաստան կժամանեն Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Լաուրա Գուչին, Քուվեյթի արքայադուստրը, ով Արաբ կին ձեռներեցների ասոցիացիայի նախագահը և աշխարհի ազդեցիկ 100 կանանցից մեկն է, ինչպես նաև Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահության այլ անդամներ, ովքեր հաջողության հասած ձեռներեցներ են տարբեր, այդ թվում նաև վերականգնվող և այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Share