Բաժին. Տնտեսական

Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային

Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված ամենամյա միջազգային ակցիային:

Մայիսի 16-ին և 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև. մայիսի 16-ին ժամը 18։00–ից մինչև 24։00–ն և մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչև 18։00–ն։  

«Այս տարի Թանգարանների օրվա ամենամյա միջազգային ակցիան Հայաստանում նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին և կանցկացվի «Թանգարանները որպես հիշատակի վկաներ» խորագրով: Beeline-ը միանում է «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը  և հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելելու Կապի թանգարան, որտեղ ներկայացված են  հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև  ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։

«Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան:

Հայաստանը  «Թանգարանների գիշեր» ակցիային միացել է 2005 թվականին: Այդ ժամանակ ակցիային մասնակցել են հայկական 9 թանգարան: Անցյալ տարի այս ամենամյա միջոցառմանը  մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ արդեն 100  թանգարան:

Share