Բաժին. Տնտեսական

Դիջիտեք Բիզնես Ֆորումի ժամանակ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն

8-րդ ամենամյա Դիջիտեք բիզնես ֆորումն այս տարի  կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին: «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսը կրող բիզնես ֆորումի նպատակն է աջակցել գործարար ոլորտի զարգացմանը, ստեղծել արդյունավետ պայմաններ արդի տեխնոլոգիական լուծումների ծանոթացման և  փոխանակման համար:

Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից՝ երկօրյա Բիզնես ֆորումի ընթացքում կլինեն պլենար նիստեր, գործարար ներկայացումներ,  ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների և պետական մարմինների մասնակցությամբ: Ֆորումի թեմաներն են՝ տուրիզմ, առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն ու հանքաարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն և տրանսպորտ:

Այս տարի ֆորումի ժամանակ առաջին անգամ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն:

«Այսօր արտասահմանյան և դրանց ամենևին էլ չզիջող հայկական  ՏՏ ընկերություններն առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ արդյունավետ բիզնեսի կառավարման համար: Իսկ խելացի գործարարներն ու ղեկավարները լավ գիտակցում են, որ ձեռներեցության և, առհասարակ, աշխատանքի կառավարման արդյունավետությունն ու անվտանգությունը մեծապես կախված է  նաև տեխնոլոգիական լուծումների կիրառումից: Դիջիտեք բիզնես ֆորումի շրջանակներում առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մեզ հնարավորություն կտա  ռեալ գնահատելու ստեղծված պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունն ու որակը», – նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:


Share