Բաժին. Տնտեսական

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-արգենտինական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանան:

«Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում  այս տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Սակայն երկու երկրների միջև  առկա է  նաև փոխգործակցության չիրացված  ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել  առավել տպավորիչ հաջողությունների», – նշել է նախարարը:

Հանգամանորեն ներկայացնելով դեսպանին Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, վերջին տարիների ձեռքբերումներն ու արդյունքները` Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության լայն հնարավորություններ, մասնավորապես, անասնապահության և վերամշակման ոլորտներում:

Իր խոսքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության բնագավառի հետագա զարգացման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Այդ ենթատեքստում նախարարը հնարավոր է համարել համատեղ անասնապահական ֆերմաների հիմնումը` վերամշակված արտադրանքը   հետագայում Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում ձևավորված հայ-արգենտինական համագործակցության բարձր մակարդակով, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցության շրջանակում հայ փորձագետների Արգենտինա կատարելիք այցին առնչվող հարցեր:

Share