Բաժին. Տնտեսական

Արտահանումը կրճատվել է 23%-ով, ներմուծումը՝ 30%-ով

Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վիճակագրական տվյալների՝ 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը  նվազել է 28.5%-ով  և կազմել  945.1 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` արտահանումը նվազել է 23.1%-ով և կազմել` 267.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 30.5%-ով`  կազմելով 677.5 մլն ԱՄՆ դոլար:

2015 թվականի հունվար-մարտ ամիսներին,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճ է նկատվել Հայաստանի Հանրապետությունից մի շարք ԵՄ երկրներ, մասնավորապես` Ավստրիա՝ 50.7%-ով, Հունաստան՝ 31.3 անգամ, Իտալիա՝ 31.6%-ով, Միացյալ Թագավորություն 5.7անգամ, Իսպանիա 22.6 անգամ: 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման  աճ է նկատվել նաև մի շարք այլ երկրների մասով, մասնավորապես` Ճապոնիա` 35.2 անգամ, Վրաստան` 26.8%-ով, Իրաք` 42.9%-ով: Չնայած տպավորիչ աճի ցուցանիշներին՝ այս երկրներից միայն 2-ն ունեն հարաբերականորեն մեծ տեսակարար կշիռ մեր երկրի արտահանման կառուցվածքում: Այսպես, Իրաքի մասնաբաժինը մեր երկրի արտահանման կառուցվածքում կազմել է 10,6%, Վրաստանինը՝ 8,6%: Միևնույն ժամանակ, արտահանման ոլորտում առաջատար գործընկեր-երկրների, մասնավորապես Բուլղարիայի և Գերմանիայի հետ առևտրային հարաբերություններում գրանցվել է պասիվություն:

Հարկ է նշել, որ 2015 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական Միություն) երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտման:

Share