Բաժին. Տնտեսական

Հումքային և պարենային ապրանքների շուկաներում արձանագրվել են զգալի գնանկումային միտումներ

Այս տարվա առաջին եռամսյակում հումքային և պարենային ապրանքների շուկաներում արձանագրվել են զգալի գնանկումային միտումներ, ինչը պայմանավորված է եղել համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակով, ԱՄՆ դոլարի արժևորմամբ, ինչպես նաև պարենային ապրանքների շուկաներում՝ բարձր բերքատվության ակնկալիքներով:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ եռամսյակի համեմատ, համաշխարհային շուկայում Brent տեսակի հում նավթի գինը կրճատվել է շուրջ 25.6%-ով: Տարեկան կտրվածքով (տ/տ) ցուցանիշի անկումը կազմել է 49.5%: Միջինում մեկ բարելի գինը կազմել է մոտ 54.0 ԱՄՆ դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը այս տարվա առաջին եռամսյակում տոննայի դիմաց միջինում կազմել է մոտ 5801 ԱՄՆ դոլար՝ գրանցելով 11.7% նվազում (տ/տ 17.1% նվազում)՝ հիմնականում պայմանավորված Չինաստանում պահանաջարկի տեմպերի դանդաղմամբ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի արժևորման ազդեցություններով:

ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից սահմանվող կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը, բարձր համաշխարհային արտադրության սպասումներով պայմանավորված, առաջին եռամսյակում նվազել է եռ/եռ 7.4%-ով` մեկ բուշելի դիմաց միջինում կազմելով 6.5 ԱՄՆ դոլար (տ/տ նվազումը՝ 19.6%):

New York Board-Intercontinental Exchange (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գների ինդեքսը 2015 թվականի առաջին եռամսյակում եռ/եռ նվազել է 10.4%-ով (տ/տ նվազումը՝ 13.9%): Գնանկումը պայմանավորվել է հիմնական արտադրող Բրազիլիայում առատ բերքի ակնկալիքով, ինչպես նաև Բրազիլական ռեալ / ԱՄՆ դոլար փոխարժեքի արժեզրկմամբ:

Chicago Board of Trade (CBOT) ապրանքահումքային բորսայում գնանշվող բրնձի գինը 2015 թվականի առաջին եռամսյակում, չնայած արտադրության ծավալների որոշակի կրճատմանը, պահանջարկի դանդաղմամբ պայմանավորված, նվազել է 12.0%-ով և միջին գինը մեկ ամերիկյան ցենտների (45.4 կգ) դիմաց կազմել է 10.9 ԱՄՆ դոլար (տ/տ 29.2% նվազում):

Share