Բաժին. Տնտեսական

Շուրջ 2 անգամ կրճատվել է Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծումը

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկիր են ներմուծվել 38,97 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 57%-ով: 2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ցուցանիշը կազմել էր 90,24 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 6%:

Տեղեկացնենք, որ 2015 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Share