Բաժին. Տնտեսական

Ռուսաստանում տնտեսական անկումը կշարունակվի մինչև 2016 թվականի կեսերը

2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին Ռուսաստանում արձանագրված էական տնտեսական տատանողականության արդյունքում ընթացիկ տարում Ռուսաստանի համար ակնկալվում է տնտեսական անկում, ինչը միջինում կկազմի շուրջ 2.2%, իսկ տարեվերջին տնտեսական անկումը կխորանա մինչև 4%:

Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները՝  Ռուսաստանում տնտեսության անկումը կշարունակվի մինչև 2016 թվականի կեսերը, և միայն 2016 թվականի վերջում կարձանագրվի տնտեսական ակտիվության դրական աճ՝ շուրջ 0.7%:

Ակնկալվում է, որ նավթի գների նվազման և տնտեսական խիստ պատժամիջոցների հետևանքները, որոնց ազդեցությունը դիտարկվեց արդեն 2014 թվականի վերջին, ավելի խորը կարտահայտվեն ընթացիկ և հաջորդ՝ 2016 թվականին:

2015 թվականին պահանջարկի կանխատեսվող նվազմանը զուգընթաց, տնտեսական աճի տեսանկյունից բարենպաստ գործոն կհանդիսանա ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով, որը որոշակիորեն կմեղմի արտաքին առևտրի պայմանների վատթարացմամբ պայմանավորված շոկը: Միևնույն ժամանակ, փոխարժեքի արժեզրկումն ու առևտրային սահմանափակումներն իրենց դրական ազդեցությունը կունենան արտադրության մի շարք ոլորտներում թողարկման աճի ապահովման, նավթամթերքի գնանկումից տուժած արտաքին դիրքի բարելավման, տնտեսական աճի վերականգնման և զբաղվածության պահպանման առումով:

Ինչպես փաստում են ՀՀ կենտրոնական բանկի գնահատականները՝ ռուբլու կտրուկ արժեզրկմամբ պայմանավորված բարձր 12-ամսյա գնաճը Ռուսաստանում կշարունակի իր միտումը 2015 թվականի ողջ ընթացքում՝ տարեվերջին կազմելով մոտ 12%: Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա համար սպասվում է փոխարժեքի որոշակի կայունացման միտում՝ կապված նավթի գների կանխատեսվող աճի և կապիտալի հոսքերի վերականգնման հետ:

Share