Բաժին. Տնտեսական

Ընթացիկ տարվա համար կենտրոնական բանկը կանխատեսում է 1.6-2.6% տնտեսական աճ

2015 թվականի համար կենտրոնական բանկը կանխատեսում է մեր երկրի տնտեսության 1.6-2.6% աճ, որի հիմնական շարժիչ ուժը կլինեն գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները: Այս մասին նշվում է կենտրոնական բանկի ներկայացրած՝ «Գնաճի հաշվետվություն» հրապարակման մեջ:

Սպասվում է, որ 2016 թվականին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն նույն մակարդակում, իսկ հետագայում կարագանան՝ կապված Կառավարության կողմից արտահանելի հատվածում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացման և արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման հետ:

Միևնույն ժամանակ, 2015 թվականի գնաճային զարգացումներում ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացման հետևանքով 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի մակարդակի վերին հատվածում (4 ±1.5%): Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության կանխատեսվող դրական զարգացումների պայմաններում պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը, ինչպես նաև արտաքին և ներքին տնտեսություններում սպասվող թույլ պահանջարկը, մասամբ կմեղմեն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման գնաճային ազդեցությունը:

Արդյունքում, ԿԲ-ն գնահատում է, որ 2015 թվականի երկրորդ եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանումը հնարավորություն կտա 2016 թվականից 12-ամսյա գնաճը կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ: Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն ըստ անհրաժեշտության կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում նպաստելով գնաճի նպատակի իրագործմանը:

Share