Բաժին. Տնտեսական

ԿԲ-ն 2015թ.-ի համար կանխատեսում է մասնավոր տրանսֆերտների 30% անկում

2014 թվականին, 2009 թվականից հետո առաջին անգամ, արտաքին տնտեսական անբարենպաստ զարգացումների պայմաններում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները նվազել են 8.1%-ով` պայմանավորված ինչպես արտագնա աշխատողների վարձատրության, այնպես էլ մասնավոր տրանսֆերտների նվազմամբ` համապատասխանաբար 7.2%-ով և 9.3%-ով: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած՝ «2014 թվականի ֆինանսական կայունության հաշվետվություն» հրապարակման մեջ ներկայացված տվյալները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝  հաշվետու տարվա արդյունքներով մասնավոր տրանսֆերտներ և աշխատողների վարձատրություն/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 15.5%՝ նախորդ տարվա 17.6%-ի փոխարեն: Չնայած ցուցանիշը նվազել է, այն, այնուամենայնիվ, դեռևս բավականաչափ բարձր է, ինչը մեծացնում է մեր երկրի տնտեսության կախվածությունը արտաքին անորոշություններից:

Տարվա ընթացքում 7.6%-ով նվազել են նաև բանկային համակարգով ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական միջոցները: Փոխանցումների նվազումը գլխավորապես պայմանավորված է եղել Ռուսաստանից ստացվող միջոցների նվազմամբ, ինչն առավել ցայտուն է դրսևորվել հատկապես չորրորդ եռամսյակում՝ կապված ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմամբ:Նվազմանը նպաստել են նաև Ռուսաստանում շինարարության ոլորտի անկումն ու առևտրի ցածր աճը՝ սահմանափակելով արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների կողմից աշխատանք գտնելու հնարավորությունները: Այնուամենայնիվ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի հարցումների, 2014 թվականին, նախորդ տարվա համեմատ, արտերկրից ոչ առևտրային բնույթի փոխանցումներ ստացող քաղաքային տնային տնտեսությունների մասնաբաժինը մնացել է գրեթե անփոփոխ (15%):

Բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային բնույթի փոխանցումների նվազման արդյունքում ՌԴ-ից ներհոսող միջոցների մասնաբաժինն ընդհանուր փոխանցումներում նվազել է 3 տոկոսային կետով և կազմել 83.0%: ԱՄՆ-ից, Գերմանիայից ստացվող միջոցները որոշակիորեն աճել են, որի շնորհիվ էլ փոքր-ինչ աճել են վերջիններիս մասնաբաժիններն ընդհանուր փոխանցումներում՝ կազմելով համապատասխանաբար 6.0% և 1.1%:

Այնուհանդերձ, ՌԴ-ից ստացվող փոխանցումների մասնաբաժինն ընդհանուր փոխանցումներում շարունակում է մնալ բավականաչափ բարձր, ինչը խոցելի է դարձում ՀՀ տնտեսությունը Ռուսաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումների նկատմամբ:

Ռուսաստանից ստացվող փոխանցումների նվազումն ազդել է ընթացիկ սպառման վրա, ինչն էլ իր հերթին որոշակիորեն անդրադարձել է բանկերի վարկային պորտֆելի որակի վրա: Մյուս կողմից, փոխանցումների նվազումն ուղղակիորեն անդրադարձել է առանձին բանկերի դրամական փոխանցումներից ստացված միջնորդավճարների վրա:

2015 թվականի  համար արտագնա աշխատողների վարձատրության և մասնավոր տրանսֆերտների ներհոսքի վերաբերյալ կանխատեսումները կախված են ՌԴ տնտեսական զարգացումներից: Հաշվի առնելով Ռուսաստանում ակնկալվող տնտեսական անկումը՝ սպասվում է ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների դոլարային արժեքի շուրջ 30.0% նվազում, ինչն էլ կարող է անդրադառնալ ֆինանսական համակարգի կայունության վրա:

Share