Բաժին. Տնտեսական

2014թ.-ին բանկերի վարկային պորտֆելի 6.4%-ը դասակարգվել է որպես չաշխատող

2014 թվականին բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 21.3%-ով: Վարկային ներդրումների աճ արձանագրվել է տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ տրանսպորտի ու կապի, որտեղ արձանագրվել է վարկային ներդրումների 2.5%-ով նվազում: Այս մասին վկայում են կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2014 թվականի վերջի դրությամբ բանկերի վարկային պորտֆելում մեծ տեսակարար կշիռ են ունեցել սպառողական, արդյունաբերության և առևտրի վարկերը` համապատասխանաբար 21.2%, 20.3% և 18.2%:

Չաշխատող վարկերի (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող) և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում նախորդ տարեվերջի համեմատ ավելացել է 2.2 տոկոսային կետով և կազմել 6.4%: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի աճին հատկապես նպաստել է նախորդող 3 տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճը (տարեկան՝ միջինը 30% աճ):

Տարվա ընթացքում չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի զգալի աճ է արձանագրվել շինարարության, գյուղատնտեսության և առևտրի վարկերում. չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռներն աճել են համապատասխանաբար 8.9, 3.0 և 2.8 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 17.2%, 5.5% և 6.6%: Արդյունքում, աճել է նշված ճյուղերի չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի նպաստումը բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի ձևավորմանը: Նախորդ տարեվերջի համեմատ շինարարության, գյուղատնտեսության և առևտրի չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռներն ընդհանուր չաշխատող վարկերում և դեբիտորական պարտքերում ավելացել են համապատասխանաբար 3.2, 1.3 և 0.6 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 14.7%, 4.4% և 17.5%:

Share