Բաժին. Տնտեսական

Հայփոստը կմասնավորեցվի

Այսօր կայացած կառավարության նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որի մշակումը պայմանավորված է պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների 1-ին ցանկում «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկմամբ: Ակնկալվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը, փոստային կապի զարգացմանը:

Գործադիրը քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ: Կառավարությունը նպատակահարմար չի համարել առաջարկված փոփոխությունը, քանի որ նշված պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը. նշված է նաև մի քանի այլ առարկություն:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share