Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Անդրուս Անսիփի հետ

Հունիսի 11-ին` Լյուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, Թվային միասնական շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփի հետ:

Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են ԵՀ Հաղորդակցությունների ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների հարցերի Գլխավոր տնօրինության տնօրեն Դեյվիդ Ռինգրոսը, տնօրինության միջազգային հարցերի պատասխանատու Վասիլիս Կոպանասը, իսկ հայկական կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ: 

Ողջունելով ԵՀ փոխնախագահին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություն է հայտարարվել դեռևս 15 տարի առաջ, ինչը հնարավորություն է ընձեռել երկրում իրականացնել բազմաթիվ հեռանկարային ծրագրեր: Նախարարը նաև տեղեկացրել է նոր մշակվող տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որի առանցքային նպատակներից է ինովացիոն տնտեսության ձևավորումը:

Անդրուս Անսիփն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսի 6-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընդունվել է Թվային միասնական շուկաների վերաբերյալ ռազմավարությունը, որը ենթադրում է ԵՄ երկրներում պարզ և արդյունավետ անդրսահմանային պայմանագրային կարգավորումներ, այդ թվում` ակտիվ համագործակցություն սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում, ապրանքների առաքման ճկուն համակարգի ձևավորում` ուղղված գների թափանցիկության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկությունների համար եվրոպական տարբեր երկրներում ավելացված արժեքի հարկով հարկման տարբեր ռեժիմներով պայմանավորված վարչական բեռի նվազեցում և միասնական ստանդարտների կիրառում ծառայությունների մատուցման ոլորտում և այլն:

Հանձնակատար Անսիփն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է համագործացել Հայաստանի հետ` շեշտելով, որ Թվային միասնական շուկան  կարող է ստեղծել համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ  երկկողմ հարաբերությունների համար:

Երկուստեք ընգծելով նախաձեռնության կարևորությունը, կողմերը պայմանավորվել են առավել ընդլայնել և խորացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունները Թվային միասնական շուկայի  նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը հրավիրել է հանձնակատար Անսիփին մասնակցելու ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Արմթեք» բարձր տեխնոլոգիաների գլոբալ համաժողովին` ՏՏ ոլորտի ձեռքբերումներին անմիջականորեն ծանոթանալու նպատակով:

Share