Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտին տրամադրված վարկերի 17.2%-ը դասակարգվել է որպես չաշխատող

2014 թվականին Հայաստանում գործող բանկերում չաշխատող վարկերը և դեբիտորական պարտքերը ավելացել են 86.2%-ով կամ 70.1 մլրդ դրամով և կազմել 151.5 մլրդ դրամ, իսկ ստանդարտ վարկերը և դեբիտորական պարտքերը ավելացել են 20.3%-ով (372.8 մլրդ դրամով) և կազմել 2 տրլն 204.9 մլրդ դրամ: Արդյունքում, չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի (հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի վարկային ռիսկի դասի վարկեր և դեբիտորական պարտքեր) տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում տարվա ընթացքում ավելացել է 2.2 տոկոսային կետով և տարեվերջին կազմել 6.4%: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Ըստ հրապարակված տվյալների՝  բանկերի ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 3.1%, 1.9% և 1.4%: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 2.2%, 1.1%, 1.0%:

Ըստ տնտեսության ճյուղերի՝ չաշխատող վարկերի տեսակարար կշռի զգալի աճ արձանագրվել է շինարարության, գյուղատնտեսության և առևտրի վարկերում. նշված ճյուղերի չաշխատող վարկերի տեսակարար կշիռներն աճել են համապատասխանաբար 8.9, 3.0 և 2.8 տոկոսային կետով և կազմել 17.2%, 5.5% և 6.6%: Արդյունքում՝ նշված ճյուղերի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի չաշխատող վարկերում աճել է համապատասխանաբար 3.2, 1.3 և 0.6 տոկոսային կետով:

Ըստ ռեզիդենտության՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի 96.7%-ը տարեվերջին բաժին է ընկել ռեզիդենտներին, իսկ 3.3%-ը՝ ոչ ռեզիդենտներին (31.12.2013 թ. դրությամբ՝ համապատասխանաբար 97.0%-ը և 3.0%-ը):

Share