Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է Լիտվայի գործարարների պատվիրակությանը

Հունիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է Երևանում  գտնվող Լիտվայի գործարարների պատվիրակությանը:

Պատվիրակության ղեկավարն էր Արևելյան Եվրոպայի գործընկերության և ներդրումների ասոցիացիայի նախագահ Յուրիուս Ռոդեվիչուսը: Պատվիրակության կազմում էին գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, շինարարության և այլ ոլորտներ ներկայացնող գործարարներ:

Հանդիպման ժամանակ Յուրիուս Ռոդեվիչուսը տեղեկացրել է, որ լիտվացի գործարարները Հայաստան են ժամանել հունիսի 15-ին Երևանում թվով երրորդ հայ-լիտվական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նա ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը և հետաքրքրություն հայտնել ԵՄ Արևելյան Գործընկերության շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Ողջունելով հյուրերին, Գարեգին Մելքոնյանը նշել է, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն նկատվում է աճի միտում, և իր  պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայնմանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը լիտվացի գործարարներին ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու  հնարավորությունների մասին:

Գարեգին Մելքոնյանը նաև հայտնել է, որ Եվրոպական Միության հետ համագործակցության նոր փաթեթ է նախապատրաստվում, և մինչև տարեվերջ կսկսվեն ՀՀ-ԵՄ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ապագա ձևաչափի և նոր իրավական փաստաթղթի ուղղությամբ պաշտոնական բանակցությունները: Նա տեղեկացրել է, որ Հայաստանը անդամակցել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին` E5P: Արդեն իսկ մեկնարկել են ԵՄ COSME /ՓՄՁ ոլորտ/ ծրագրին Հայաստանի անդամակցությանն ուղղված աշխատանքները և քննարկման փուլում են Horizont-2020 /գիտության, կրթության և ինովացիոն ոլորտ/ ծրագրին Հայաստանի անդամակցության հնարավորությունները:

Յուրիուս Ռոդեվիչուսը կարծիք է հայտնել, որ կարելի է քննարկել համագործակցության հնարավորությունները COSME և Horizont-2020 ծրագրերի շրջանակում:

Share