Բաժին. Տնտեսական

Կառավարության նիստ. բարելավվում են ձեռնարկատիրության ծավալման պայմանները

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» և ևս վեց օրենքում և օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը:

Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ ապահովելով ՀՀ սահմանադրության 14.1 հոդվածի պահանջը:

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք նախագծի ընդունումը պայմանավորել են վեճերի արտադատական լուծումը խրախուսելու անհրաժեշտությամբ: Մինչդեռ կառավարությունը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգը խնդրահարույց է համարել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից և դեմ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առաջարկվող փոփոխությանը: «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացման վերաբերյալ գործադիրն ունի առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share