Բաժին. Տնտեսական

Կառավարության նիստ. բարեփոխվում է տեսչական համակարգը

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքից բխող ևս երեք որոշումը նվիրված է տեսչական համակարգի բարեփոխմանը: Կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և խորհրդի անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամ ընտրելու կարգը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկություն տրամադրելու կարգը: Երրորդ որոշմամբ հաստատվել է հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը և տնտեսվարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրանց հետևելու կարգը: Որոշումների ընդունմամբ կառավարությունն ակնկալում է ստեղծել տեսչական մարմինների բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմք: Աստիճանաբար անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգման, որը և այս բարեփոխման հիմնական էությունն է:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ, որոնցով «ՓՄՁ-ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հնարավորություն կունենա ՀՀ ֆինանսների նախարարության հետ կնքած վարկային պայմանագրերի վարկերի մարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2026 թվականը: Դրա շնորհիվ կազմակերպությունը կկարողանա շարունակել գյուղացիական համայնքներին և գյուղացիական տնտեսություններին ֆինանսական վարձակալությամբ տրամադրել գյուղատնտեսական տեխնիկա՝ կոմբայն, տրակտոր, հարակից այլ սարքավորում մինչև 10 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով:

Գործադիրը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դասընթացների վերապատրաստում. կանանց և տղամարդկանց հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը:

Share