Բաժին. Տնտեսական

IDeA և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամները Դիլիջանում և Տաթևում կաջակցեն ձեռնարկատիրության զարգացմանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիր, որի նպատակը Տաթեւում եւ Դիլիջանում, ինչպես նաեւ հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանմանն աջակցությունն է:

Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում, մասնավորապես, համագործակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակում, ինչը վերոնշյալ տարածաշրջաններում փոքր ձեռնարկատիրության զարգացման համար համապարփակ աջակցություն է նախատեսում:

Փաստաթուղթն ստորագրել են IDeA-ի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։

«IDeA հիմնադրամը թե՛ Տաթեւում, թե՛ Դիլիջանում զարգացման ծրագրեր է իրականացնում, եւ դրանց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին։ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը եւ դրա շրջանակում «Տաթեւեր» ճոպանուղու կառուցումը նկատելի աշխուժացրեցին այդ տարածշրջանում զբոսաշրջային հոսքերը։ Ներկայումս մենք փորձում ենք աջակցել համայնքերում B&B դասի հյուրատների զարգացմանը, եւ ուրախ ենք այս գործում համագործակցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ: Պետք է նկատել, որ տեղի ձեռներեցների համար կարեւոր են ոչ միայն վարկային միջոցների ստացումը, այլեւ մասնագիտական խորհրդատվությունը՝ հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար, եւ հենց այդ հարցում էլ մենք կփորձենք օգտակար լինել նրանց: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը էական արդյունքներ կարձանագրի եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,- նշել է Արմեն Գեւորգյանը։

ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը նույնպես կերեւոր համարեց փաստաթղթի ստորագրումը. «Տաթեւը և Դիլիջանը, որպես Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետեր, ունեն նոր ենթակառուցվածքների, նոր հյուրատների և զբոսաշրջիկների սպասարկման այլ բիզնեսների կարիք: Դա են ցույց տվել Տավուշում և Սյունիքում մեր իրականացրած ուսումնասիրությունները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում և միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն աջակցություն է ցուցաբերում նշված տարածաշրջանների սկսնակ գործարարներին, հատկապես՝ նրանց, ովքեր ցանկացել են հիմնել նոր հյուրատուն կամ զարգացնել արդեն ունեցածը, ինչը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման առաջնայնություններին, այն է՝ ՓՄՁ ոլորտի զարգացումը մարզերում: Հատուկ շեշտելով IDeA-ի անուրանալի ներդրումը Տաթևի և Դիլիջանի զարգացման գործում, մեզ համար նույնպես կարևոր է միավորել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ դրանցից սպասվող արդյունքը կրկնապատկելու ակնկալիքով»:

Share