Բաժին. Տնտեսական

Չինական CCECC ընկերությունը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրում

Չինական CCECC ընկերությունը (Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպություն) հետաքրքրված է և ցանկություն ունի մասնակից դառնալու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Նման հայտարարությամբ հանդես է եկել CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Կողմերը հանգամանալից քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

Նշենք, որ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) արագ զարգացող ընկերություն է: Վերջին 3 տարիներին CCECC-ն հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1.98 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով և Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5.631 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով:

CCECC-ի բիզնեսի գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր:

Share